воскресенье, 6 мая 2012 г.

BOOM- Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՐԳԻՉ,ԴԵՐԱՍԱՆ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ



Միհրան Ծառուկյանի մուտքը հայկական շոու բիզնես եղավ <<Հայ սուպերսթարի>> շնորհիվ: Հիմա նրա անձի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է նաև շնորհիվ <<Դժվար ապրուստ>> ֆիլմի ու այդ ֆիլմի սաունդթրեք <<Հավատա>> երգի: Միհրան Ծառուկյանը Բում-ի ընթերցողի հետ անկեղծ է ու այնքան մանրամասնորեն էր պատասխանում հարցերին, որ անգամ սկսեց ուշանալ նկարահանումից: Չնայած միայն մեր հարցազրույցը չդարձավ ուշանալու պատճառը, հարցազրույցից հետո էլ ավտոմեքենան իր գործն արեց: Ինչևէ: Ընթերցեք և ծանոթացեք Միհրանի հետ:


ՍԿԶԲԻ ՄԱՍԻՆ




Փոքր հասակից` երրորդ դասարանից, ընդունվեցի Սպայի տան երգի ստուդիա` Արամ Գալստյանի մոտ: Առաջին ուսուցիչս է եղել նա. Ինքն է ինձ երգել սովորեցրել: 5 տարի սովորելուց հետո դիպլոմ ստացա, բայց ավարտելուց հետո մի քանի տարի մնացի այնտեղ: Մոտ մեկ տարի պարապելուց հետո էլ ընդունվեցի կոնսերվատորիա: Վոկալիս դասախոսը եղել է Ռաիսա Մկրտչյանը: Երգին զուգահեռ պարել եմ սպորտային պարեր` պրոֆեսիոնալ մակարդակով: 8 տարի պարել եմ <<Ստիլ>> պարային ակումբում, որը ղեկավարում է Նոնա Բաբաջանյանը: Ասեմ, որ պարով սկզբում ավելի շատ հաջողություններ եմ ունեցել, քան երգով. Յուրաքանչյուր տարի համարյա թե լինում էի Հայաստանի չեմպիոն, միջազգային առաջնությունում նույնպես եղել եմ չեմպիոն: Պարը թողեցի երգն ավելի շատ սիրելու պատճառով:


<<ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐԻ>> ՄԱՍԻՆ




Այդ նախագծի մասին առաջին անգամ ինձ ասացին ծնողներս, ու ես սկզբում լուրջ չվերաբերվեցի, բայց հեռուստացույցով սկսեց գովազդվել նախագիծը, ու ես եղբորս հետ (ոչ հարազատ.հարազատ եղբայր չունեմ) գնացի,որ մասնակցեմ քաստինգին: Այնքան շատ մարդ էր հավաքվել, որ երբ արդեն ջղայնացած դուրս էի գալիս հերթից, հագուստս լրիվ տեսքից ընկավ: Այդպես, որոշեցի գնալ սրճելու, ու ինձ միացած ընկերներս այդ ժամանակ արդեն սկսեցին ինձ համոզել, որ հետ դառնամ:Երբ երեկոյան հերթը մի քիչ թեթևացել էր, գնացի, լրացրեցի բլանկը, ու ինձ ասացին. <<Երեք երգ պետք է երգես>>: Չէի պատրաստվել, բայց մտա: Երգեցի, ասացին` կզանգահարենք, ու փաստորեն անցա: Նախագծի վերջում մնացել էինք ես, Լիլիթ Հովհաննիսյանը, Աննա Ավետյանը, Սուսաննա Պետրոսյանը ու … սկսեց <<արմագեդոնը>>: Առաջինն այս քառյակից,դուրս եկավ Լիլիթը Հովհաննիսյան: Մնացինք երեքով, հաղթեց Սուսաննա Պետրոսյանը, իսկ ես նախագծից դուրս եկա ինքնակամ, որովհետև մեծ  սկանդալ էր սկսվել:      




<<ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԿԱՆԴԱԼԻ>> ՄԱՍԻՆ


 Այն ժամանակ, երբ մենք մնացել էինք երեքով, լուրեր տարածվեցին, որ մալաթիայի շուկայում լիցքավորման քարտեր են բաժանում` իմ օգտին քվեարկություն ապահովելու համար: Ես, ճիշտն ասած, այդ խոսակցություններին այնքան էլ լուրջ չէի վերաբերվում, սակայն մի երկու օր անց հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ էր: Այն, որ մարդիկ ուղղակի ուզում էին ինձ լավություն անել, ոչ ոք չընդունեց. անգամ <<ՇԱՆԹ>> հեռուստաընկերությունից պնդում էին, թե այդ մարդիկ իմ բարեկամներն են: Ես չէի կարող կանխել այդ քվեարկությունը, որովհետև, նորից եմ կրկնում, չէի ճանաչում մարդկանց, ովքեր դա կազմակերպել էին: Երեկոյան <<ՇԱՆԹ>>-ից դուրս եմ գալիս, ու աշխատակիցներից մեկը, թե` Միհրան ջան, կնայես <<ՀՈՐԻԶՈՆԸ>>: <<ՀՈՐԻԶՈՆՈՎ>> թաքցրած դեմքերով մարդկանց են խոսեցնում, ու նրանք ասում են, թե քարտեր են բաժանել իրենց, հաջորդ օրը կրկնությունը գնաց այդ ռեպորտաժի, դրան զուգահեռ Աննա Ավետյանը դուրս եկավ նախագծից, ու մնացինք ես և Սուսաննան: Մյուս օրը ես հայտարարեցի, որ այլևս չեմ ուզում մասնակցել այդ նախագծին: Չնայած ինձ հիշեցրին պայմանագրիս մասին, բայց ես իրոք չէի ուզում մասնակցել: Նախագիծը հետաձգվեց մեկ շաբաթով, Աննային թույլատրեցին վերադառնալ նախագիծ: Հետո լուրեր տարածվեցին, թե <<ՇԱՆԹՆ>> է հանել նախագծից, բայց ես եմ դուրս եկել: Այսպես թե այնպես, լավ չեղավ, որ այդպես եղավ: Ամեն դեպքում, իմ մուտքը շոու բիզնես եղավ <<Հայ սուպերսթարի>> շնորհիվ:




ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱԶԳԱՆՎԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ




 Հիմա շատ չեն այդ շշուկները, բայց այն ժամանակ շատ էին այդ մասին խոսում: Մարդ կա, ասում ես` բարեկամ չես, ասում են. <<Բայց դու ի՞նչ գիտես>>: Ամեն դեպքում, մենք բարեկամական կապեր չունենք:






ԱՌԱՋԻՆ ՀԻԹԻ ՄԱՍԻՆ



<<Խոստում>> երգը գրել է Ռիչարդ Մադլենյանը: Այդ ժամանակ աշխատում էի Օնչոյի հետ` <<Ջիաննի>> ակումբում: Երգի խեսքերը գրել է Մանե Մամյանը: Երգը գրվել է հատուկ ինձ համար: Այդ ընթացքում 4 երգ ունեցա, ու 2.5 տարի կային երգերը, բայց տեսահոլովակ նկարահանեցի, երբ սկսեցի աշխատել Արսեն Սաֆարյանի հետ: Ռեժիսորը տեսահոլովակի Սարգիս Սարգսյանն է: Երբ <<Խոստումը>> կատարում էի ակումբում, գործընկերներս նույնպես անտարբեր չէին այդ երգի հանդեպ: Ես շատ լավ հիշում եմ նաև իմ ամենաառաջին երգը` <<Ես համաձայն եմ սիրելը>>, որի խոսքերն ու երաժշտությունը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտությունը հղկել է Մարտին Միրզոյանը: Այդ երգը շատ եմ սիրում: Կնորացնեմ, ու հանդիսատեսն այն անպայման կլսի:


 <<ՀԱՎԱՏԱ>> ԵՐԳԻ ՄԱՍԻՆ


Այս երգը գրել է Էդգար Ալեքսանյանը` իմ շատ լավ ընկերը, ով <<Դուետրո>> ստուդիայի հիմնադիրն է և երաժշտական ղեկավարը: Խոսքերի հեղինակն է Դիանա Գրիգորյանը: Մենք Էդգարից վերցրեցինք 3 երգ և գնացինք <<Արմենիա>> հեռուստաընկերություն` ընտրելու սաունդթրեքը: Պետք է նշել, որ երեքն էլ լավ երգեր էին, բայց ֆիլմին համապատասխան ընտրվեց սա: Դիանան էլ գրեց երգի խոսքերը, որոնք երգին շատ համահունչ են: <<Դժվար ապրուստ>> ֆիլմի սաունդթրեքն է <<Հավատան>>, որը նաև տեսահոլովակ ունեցավ: Արտյոմ Հովակիմյանն է նկարահանել տեսահոլովակը, որը <<Youtube>>-ում բավականին մեծ հաջողություն ունի: Կես ամսում դիտումների քանակը անցել է 110 000-ի սահմանը: Տեսահոլովակին համապատասխան` մեկնաբանություններն էլ դրական ու լավն են:




ԱՌԱՋԻՆ ՀՈՆՈՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Փոքր երեխա էի: <<Հաղթանակ>> զբոսայգում պետք է ելույթ ունենայի ու 5000 դրամ աշխատեի: Ասում են` մայրիկիս այդ ժամանակ հարցրել եմ. <<Բայց, մա´մ, մեզ փող պետք ա՞>> : Մի խոսքով` այդ փողն աշխատեցի, բերեցի տուն ու մտածում էի, թե ինչի վրա պետք է ծախսեմ այն: Տատիկս պահեց այդ փողը, եղբայրս էլ մի օր վերցրեց, ավտոյի մեջ բենզին լցրեց, ու վերջ:


ԵՐԿՐՊԱԳՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ




Շնորհակալ եմ նրանց, որովհետև նրանք շատ են օգնում ինձ: Բնականաբար, իրենցով ավելի եմ ոգևորվում ու ավելի եմ տրամադրվում աշխատանքային պրոցեսին: Կուզենայի նշել մի երկրպագուհու` Նարինեին, ով արդեն 6 տարուց ավելի է, ինձ հավատարիմ է ու շատ է օգնում` ինտերնետում իմ մասին նորություններ, իմ մասնակցությամբ հաղորդումները ու իմ տեսահոլովակները տեղադրելով: Հենց նա է <<Օդնոկլասսնիկի>> կայքի իմ ֆան ակումբի հիմնադիրը և հետևողը: Վերջերս ակտիվություն է նկատվում երկրպագուներիս կողմից ու սկսել են շատ գրել դրսից` և´ Ռուսաստանից, և´ Ամերիկայից, և´ Եվրոպայից: Վերջերս կայքերից մեկում էլ մի շատ գեղեցիկ բանաստեղծություն էր տեղադրվել` ինձ նվիրված, որն անվանել ենք <<Ես սպասում եմ քեզ>>:




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ
ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ




Ես էջեր ունեի թե´ <<Օդնոկլասնիկում>>, թե´ <<Ֆեյսբուքում>>: Բայց էս վերջերս շատ <<անհամացավ>> <<Օդնոկլասնիկը>>. պաշտպանությունը քանի որ թույլ է, ջնջվեցի: Կա այդ կայքում իմ անունով մի քանի էջ, բայց չգիտեմ` ովքեր են բացել: Ասեմ հաստատ` դա ես չեմ: <<Ֆեյսբուքում>> կամ Միհրան Ծառուկյան անունով. Կա անձնական էջ, ու կա ֆան ակումբ, որին հիմնականում հետևում է պրոդյուսերս` Ալեքսանդր Ստեփանյանը: Իմ էջում լինում եմ շաբաթվա մեջ 1-2 օր ու փորձում եմ պատասխանել բոլոր հարցերին: Մարդիկ կան, որ նեղանում են չպատասխանելու պատճառով
, բայց ժամանակը, զբաղվածության պատճառով, երբեմն չի բավարարում: Օրեկան մինջև 50 հաղորդագրություն ստանում եմ:


ՆՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Ինձ նվերներ են ուղարկում` տարբեր ձևի ու չափի: Հիմա շատ-շատ են նկարնե
րը: Այն օրը մեր տուն էին բերել ձեռքով նկարված մի նկար, որը լավ էր ստացվել, շնորհակալ եմ: Տանը ունեմ նվեր ստացած շաաաաաաաա˜տ-շատ փափուկ խաղալիքներ:














<<ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏԻ>> ՄԱՍԻՆ




Առաջարկը եղավ, գնացինք ես ու պրոդյուսերս, հասկացանք ինչն ինչոց է: Մտավախություն ունէի ու չգիտեի` նկարահանվել թե ոչ: Եղել է էլի առաջարկ ֆիլմում նկարահանվելու, ու նույն պատճառով չեմ համաձայնվել. Ես կարծում էի` վատ լինի, ինձ համար է վատ լինելու: Այս անգամ պրոդյուսերս ու <<Արմենիա>> հեռուստաընկերությունը հավատացին ուժերիս, ու սկսվեց սերիալը: Կան մարդիկ, որոնց կարծիքը շատ կարևոր է ինձ համար, որովհետև նրանք ճշտախոս են: Հենց այդ մարդիկ ինձ ասացին, որ գո
հ են իմ խաղից: Տեսահոլովակից հետո արձագանքները ավելի շատացան:


ԾՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ասեմ, որ հայրս ու մայրս գործի բերումով ավելի շատ եղել են արտասահմանում, ու տատիկս է առաջինն ինձ տարել երգի ու պարի: Տատիկիս շնորքն է այն ամենը, ինչի հասե
լ եմ: Նույնիսկ դպրոցս փոխեցին առաջին հերթ, որ հասցնեի ամեն ինչ անել: Պապան ուզում էր` սպորտային գծով շարունակեի, տարավ ինձ բռնցքամարտի: Մի շաբաթ չանցած, երբ պապան մեկնել էր Հայաստանից, տատիկենք շուտ հանեցին բռնցքամարտից, ու էլ չգնացի: Մաման ու պապան նույնպես ունեն երաժշտական կրթություն:


ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ




Հիմա աշխտում եմ Սաշայի` Ալեքսանդր Ստեփանյանի հետ ու <<Դուետրո>> ստուդիայի հետ: Պատրաստվում են նոր երգեր, ու մտածում ենք նաև ձայնասկավառակ թողարկելու մասին:




ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ի՞նչ ասեմ: Շատ անհամբեր մարդ եմ, ու դա լավ չի, շատ վատ է համբերություն չունենալը. Խանգարում է շատ հարցերում: Որքան աշխատում եմ իմ ասած ժամին տեղում լինել, չի ստացվում. մի 5-10 րոպե ուշանում եմ: Բայց այս հարցազրույցին կարծես թե ստացվեց` մի 15 րոպե շուտ ենք եկել: Քնկոտ եմ, շատ եմ սիրում քնել ու նիհարել եմ, որովհետև ամսից ավել է` ուշ եմ տուն մտնում ու ժամանակ չեմ ունենում հաց ուտելու: Հիմա էլ պետք է գնամ նկարահանման: Լավ, գնացի

Комментариев нет:

Отправить комментарий